ՀայաստանՊատահար

Telegram-ով խարդախությունների նոր ալիք․ ինչպես չընկնել թակարդը

Վերջին ամիսներին Telegram հարթակում ակտիվացել են խարդախության նոր մեխանիզմներ, որոնց թիրախում հայտնվում են iPhone օգտատերերը։ Խաբեբաները տարբեր եղանակներով փորձում են մուտք գործել օգտատերերի սարքեր, այնուհետև արգելափակել դրանք և պահանջել փրկագին։ Մեդիափորձագետ Արթուր Պապյանը սա դիտարկում է որպես արդեն համակարգված, լայնածավալ արշավ, որի թիրախում կարող են հայտնվել ինչպես մեծահասակներ, այնպես էլ երեխաներ։ Հանցագործների նպատակն է ստանալ օգտատիրոջ Apple ID մուտքի տվյալները՝ ձևացնելով, թե իբր նրանք օգնության կարիք ունեն, աշխատանքի առաջարկ ունեն կամ պատրաստ են անվճար տրամադրել խաղային բովանդակություն։

Խարդախները հաճախ ներկայանում են որպես նոր ծանոթություն փնտրող օգտատերեր՝ ակտիվորեն շփվելով Telegram-ի միջոցով։ Երբ վստահության մթնոլորտ է ձևավորվում, նրանք պատմում են, թե կորցրել են իրենց հեռախոսը և չեն կարող մուտք գործել iCloud։ Հաջորդ քայլով խնդրում են օգտատիրոջը՝ թույլ տալ ժամանակավորապես մուտք գործել իրենց Apple ID-ով՝ իբր խնդիրը լուծելու համար։ Երբ այդ տվյալները մուտքագրվում են սարքում, խարդախները անմիջապես փոխում են գաղտնաբառը, ակտիվացնում Find My iPhone ֆունկցիան և արգելափակում սարքը։ Արդյունքում՝ օրինական սեփականատերը կորցնում է մուտքի իրավունքը, և նրան առաջարկվում է վճարել փրկագին՝ 100-600 դոլարի չափով։

Մեկ այլ տարածված մեթոդում խարդախները ներկայանում են որպես աշխատանքի առաջարկող ընկերություն, որոնք իբր փնտրում են հավելվածների թեստավորողներ՝ հեռակա աշխատանքի համար։ Նրանք խոստանում են բարձր վարձատրություն, սակայն առաջադրում են մեկ «տեխնիկական» պայման՝ օգտատերը պետք է դուրս գա իր iCloud-ից և մուտք գործի նրանց տրամադրած տվյալներով։ Մոտեցումը նույնն է՝ սարքը ապաակտիվացվում է, իսկ իսկական օգտատերը կանգնում է փրկագին վճարելու խնդրի առաջ։

Վերջապես, այս սխեմաների մեջ ներգրավվում են նաև երեխաները։ Telegram-ում խաբեբաները կապ են հաստատում երեխաների հետ՝ խոստանալով անվճար մուտք Roblox կամ Minecraft խաղերին, խաղային մոդեր կամ այլ բովանդակություն։ Փոխարենը նրանք պահանջում են մուտք գործել սարքի iCloud տվյալներով։ Երեխաները, չկարողանալով տարբերել վտանգը, կատարում են այդ քայլը, ինչի արդյունքում խարդախներն ստանում են սարքի լիարժեք վերահսկողություն՝ մուտք ունենալով նաև լուսանկարներին և անձնական տվյալներին։

Այս ամենից պաշտպանվելու լավագույն միջոցը թվային գրագիտության բարձրացումն է։ Երբեք չի կարելի մուտքագրել այլ անձանց Apple ID ձեր սարքում՝ անկախ նրանից, թե որքան վստահելի է թվում մարդը։ 

Եթե մարդ արդեն խաբվել է, անհրաժեշտ է անհապաղ դիմել Apple Support-ին։ Նրանք կարող են օգնել սարքը ապաարգելափակել՝ սակայն միայն այն դեպքում, երբ օգտատերը կարող է ապացուցել, որ սարքը իրենն է։ Գումար փոխանցել խաբեբաներին խստիվ խորհուրդ չի տրվում:

Չկա ոչ մի երաշխիք, որ նրանք կբացեն սարքը նույնիսկ գումարը ստանալուց հետո։

Սեդա Մարտոյան