
ԱՄԷ-ն դռներն է բացում Հայաստանի առաջ․ սպասվում է ներդրումային նոր հոսքեր
Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստվում են ստորագրել կարևոր միջազգային համաձայնագիր: Այն վերաբերում է առևտրին, ներդրումներին և ծառայությունների փոխանակմանը։ Կառավարությունը դրա մասին որոշում ընդունեց այսօրվա նիստում։
Այն ստեղծվելու է՝ երկու երկրների միջև տնտեսական կյանքը հեշտացնելու և ավելի ակտիվ դարձնելու համար։ Համաձայնագրով նախատեսվում է վերացնել մի շարք իրավական խոչընդոտներ։
Սա նշանակում է, որ եթե դու գործարար ես, հեշտությամբ կարող ես դուրս գալ ԱՄԷ շուկա, վաճառել ծառայություններ, ներգրավել ներդրումներ կամ ընդլայնել գործը։ Եթե դու հետաքրքրված ես նորարարական ոլորտներով՝ տեխնոլոգիաներից մինչև խորհրդատվություն, դիզայնից մինչև վերանորոգում, առաջիկա տարիներին կարող ես օգտվել արտոնություններից։
Էմիրություններն արդեն իսկ պատրաստ է հայաստանյան ընկերություններին հատուկ պայմաններ տրամադրել տեխնիկական խորհրդատվության, կապի, սարքավորումների վերանորոգման, քարտեզագրման և մի շարք այլ ոլորտներում։ Իրավաբանները, հաշվապահները և շինարարները նույնպես կարող են օգտվել ընթացակարգային հեշտություններից։ Մեր երկիրն էլ պատրաստ է գյուղատնտեսական, բնապահպանական, առողջապահական և կրթական ծառայությունների մատուցման արտոնություններ տրամադրել։
Նշենք, որ ԱՄԷ-ն Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերների մեջ երրորդն է։ Հունվար-մայիսին Հայաստանի ու ԱՄԷ-ի միջև եղել է 895․3 մլն դոլարի առևտրաշրջանառություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում է գրանցվել՝ շուրջ 73 %-ով։