ՀայաստանՊատահար

Պտղնիի նախկին ղեկավարը տարիներ շարունակ գույք է հափշտակել համայնքից․ հասցվել է 182 մլն դրամի վնաս

Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարը՝ Առաքել Վիրաբյանը, ըստ իրավապահների, տարիներ շարունակ օգտագործել է իր պաշտոնը անձնական հարստացման համար՝ ապօրինաբար յուրացնելով համայնքի և պետության գույքը։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ Վիրաբյանը, 2000–2021 թվականներին ղեկավարելով համայնքը, համայնքային և պետական հողեր է ձևակերպել իր, իր որդիների ու մտերիմների անունով՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր։

Քննչական տվյալներով՝ այդ ընթացքում 17 միավոր հողատարածք է դուրս եկել համայնքի ու պետության սեփականությունից։ Սրանց արժողությունը կազմել է ավելի քան 23 միլիոն դրամ։ Դրանք վնաս են հանդիսացել համայնքին ու հանրությանը։

Բացի այդ, 2020 թվականի հոկտեմբերին համայնքին պատկանող, ջրային նշանակության հողատարածքը՝ 134 միլիոն դրամ շուկայական արժեքով, Վիրաբյանը աճուրդի միջոցով վաճառել է ընդամենը 42 միլիոն դրամով։ Գնումն իրականացրել է իր հետ փոխկապակցված անձ, որը եղել է աճուրդի միակ մասնակիցը։ Արդյունքում համայնքն այս գործարքից կորցրել է շուրջ 92 միլիոն դրամ։

Իրավապահները պարզել են, որ նախկին ղեկավարը նաև կազմակերպել է, որ որոշ հողեր գրանցվեն իր հարազատների անունով, որպեսզի հետագայում փոխանցվեն իր որդուն։ Այս եղանակով ևս 65 միլիոն դրամի վնաս է հասցվել պետությանը։ Ընդհանուր առմամբ, Վիրաբյանի և նրա մերձավորների գործողությունների հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է շուրջ 181 միլիոն դրամի գույքային վնաս։

Նախկին համայնքապետը մեղադրվում է հատկապես խոշոր չափերով գույքի հափշտակության, հատկապես խոշոր չափերով փողերի լվացման և դրան օժանդակելու համար։ Նրա դեմ, ինչպես նաև նրա երկու որդիների և ևս երեք անձի նկատմամբ քննչական գործողությունները ավարտվել են, և գործն արդեն ուղարկվել է դատարան։ Նշենք, որ Առաքել Վիրաբյանը ձերբակալվել էր այս տարվա հունիսի 5-ին։