
9-ամյա Վարդանը գրավել է Արարատը՝ դառնալով գագաթը նվաճած ամենաերիտասարդ հայը
Օգոստոսի 1-ին բիբլիական Արարատի գագաթը հպարտորեն ընդունեց իր ամենաերիտասարդ նվաճողին՝ 9-ամյա Վարդանին։ Նա դարձավ պատմության մեջ ամենափոքր տարիքի հայ լեռնագնացը, որը հաղթահարել է 5137 մետր բարձրությունը։
Վարդանի երազանքը ծնվել էր մի քանի ամիս առաջ՝ հերթական արշավի ժամանակ։ Նա ակումբի ղեկավար Նարինե Ճաղարյանին հարցրել էր, թե կկարողանա՞ երբևէ բարձրանալ Արարատ։ Պատասխանը հստակ էր․ «Եթե աշխատես քո վրա և համբերատար լինես՝ այո»։ Վարդանն էլ աշխատեց, և այդ օրը եկավ։
Արշավախմբում եղել է 29 մասնակից, որոնցից 20-ը՝ 9-19 տարեկան երեխաներ և պատանիներ։ Ճանապարհը սկսվել է 2400 մետր բարձրությունից և տևել է երեք օր։ Լեռնագնացների մանկապատանեկան 4 Peaks Alpine Club ակումբը գրում է․
Երեխաները ոչ միայն բարձրությունը հաղթահարեցին, այլև՝ իրենք իրենց։ Երբ նրանք Արարատի գագաթին ծածանեցին եռագույնը, այդ պահին սահմաններ չկային, հոգնածություն չկար։ Մինչև հորիզոն ձգվող հպարտությունն էր միայն։