
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր մարզիչ ունի
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Արտակ Օսեյանին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Օսեյանը արդեն ղեկավարել է «Փյունիկը» 2020 թվականին։ 2021-ին նրան փոխարինեց Եղիշե Մելիքյանը, որը շուրջ չորս տարի գլխավորելուց հետո՝ 2025 թվականի հուլիսի 6-ին, նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Արտակ Օսեյանը 2020-2021 թվականներին գլխավորել է մինչև 19 տարեկանների Հայաստանի ազգային հավաքականը։ 2023-ին կարճ ժամանակ աշխատել է վրացական «Թելավի» ակումբում Վարդան Մինասյանի հետ, իսկ մինչ այդ եղել է նրա օգնականը «Արարատ-Արմենիա» թիմում։
Սա ակումբի միակ փոփոխությունը չէ։ Օգոստոսի 8-ին հայտնի էր դարձել, որ Սոլոմոն Իմե Ուդոն հեռացել է «Փյունիկից»։ Նա թիմին միացել էր 2024 թվականի հունվարին և 2023/24 թվականների մրցաշրջանում «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։