ՀայաստանՍոցիալական

Վճռաբեկ դատարանը որոշել է, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության գործը քննելու է Հակակոռուպցիոն դատարանը

Վճռաբեկ դատարանը 2025 թվականի օգոստոսի 14-ին որոշում է կայացրել, որով վերջնականապես պարզաբանել է գործի ենթակայությունը:

Գլխավոր դատախազության հայցը «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության դեմ պետք է քննվի Հակակոռուպցիոն դատարանում։ Հայցը վերաբերում է ընկերության սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջին։

Հիշեցնենք, որ դատական գործընթացը սկսվել էր 2025 թվականի ապրիլի 30-ին, երբ Գլխավոր դատախազությունը դիմել էր Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության (հիմնադիրներ՝ Սամվել Մայրապետյան և նրա կին՝ Գոհար Քյալյան)։ Սակայն մայիսի 14-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր հայցադիմումի ընդունումը՝ պնդելով, որ վեճը պետք է քննվի վարչական դատավարության կարգով։

Դրանից հետո դատախազությունը բողոքարկել էր որոշումը վերաքննիչ ատյանում, սակայն 2025 թվականի հունիսի 26-ին Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը ևս մերժել էր բողոքը՝ թողնելով ուժի մեջ առաջին ատյանի որոշումը։

Գործը ժամանակավորապես տեղափոխվել էր Վարչական դատարան, սակայն այն 2025 թվականի հուլիսի 18-ին եզրակացրել էր, որ վեճը պայմանագրից բխող քաղաքացիաիրավական բնույթ ունի և ենթակա չէ վարչական քննության։ Դրան հաջորդած որոշմամբ այն կրկին ուղարկվել էր Հակակոռուպցիոն դատարան։

Վերջինս օգոստոսի 1-ին գործը փոխանցել էր Վճռաբեկ դատարան՝ ենթակայությունը վերջնական որոշելու նպատակով։ Այժմ Վճռաբեկ դատարանի ընդունած որոշմամբ հստակեցվել է, որ գործը պետք է քննվի Հակակոռուպցիոն դատարանում։

Այսպիսով, ամիսներ տևած իրավական քննարկումներից հետո գործի քննությունը շարունակվելու է Հակակոռուպցիոն դատարանում։

Սեդա Մարտոյան