
Վերին Լարսում կրկին խնդիրներ են առաջացել
Վերին Լարսի անցակետը, որը Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև հիմնական ցամաքային բեռնափոխադրումների ուղիներից մեկն է, կրկին փակվել է ծանր բեռնատարների համար։ Հյուսիսային Օսեթիայի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ սահմանը փակ է երկու ուղղություններով, ինչի հետևանքով Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան և հակառակ ուղղությամբ հնարավոր չէ անցնել։
Տեղեկացվում է, որ ներկայումս էլեկտրոնային հերթում իր հերթին սպասում է մոտ 1580 ծանր բեռնատար։ Բացի այդ, Լարսում գտնվող վարորդներից մեկը Amnews-ին հայտնեց, որ Կոբիում այլ երկրի համարանիշ ունեցող ավտոմեքենաներին չեն թողնում առաջ գնալ։
Սա հերթական անգամ բարդ իրավիճակ է ստեղծում հայկական բիզնեսների և ներմուծմամբ ու արտահանմամբ զբաղվող ընկերությունների համար, որոնք «կախված են» այս ճանապարհից։ Վերին Լարսը երկար տարիներ համարվում է Հայաստանի արտաքին առևտրի հիմնական կապուղին, և դրա ժամանակավոր արգելափակումները անմիջապես անդրադառնում են ինչպես մատակարարման շղթաների, այնպես էլ ապրանքների գների վրա։