Նորագավիթում էստակադա կկառուցվի․ ի՞նչ կփոխվի վարորդների ու հետիոտների կյանքում
Երևանի ամենաբեռնված հատվածներից մեկում՝ Նորագավիթի 1-ին փողոցում, որտեղ հատվում են Արտաշատի խճուղին, Հյուսիս-հարավ մայրուղին և մի շարք երկրորդական ճանապարհներ, առաջիկայում կկառուցվի էստակադա։
Այս տարածքով ամեն օր անցնում է շուրջ 35 հազար մեքենա, և խցանումները դարձել են վարորդների մշտական բողոքի պատճառ։ Բայց խնդիրը միայն խցանումները չեն․ վերջին երեք տարում այստեղ գրանցվել է 47 վթար, որոնց հետևանքով զոհվել է 2 մարդ, իսկ 64-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Հետիոտների համար էլ այս խաչմերուկը անցնելը բառի բուն իմաստով վտանգավոր փորձություն է։ Դպրոց, մանկապարտեզ, բժշկական կենտրոններ ու սպորտ-մշակութային հաստատություններ ունեցող այս տարածքում անվտանգ անցումը ոչ պակաս կարևոր է, քան մեքենաների անընդհատ երթևեկությունը։
Կառուցապատման ծրագրի պատասխանատուները վստահեցնում են՝ էստակադայի կառուցմամբ կլուծվի երկու խնդիր․ և՛ երթևեկության հոսքն ավելի կազմակերպված ու արագ կդառնա, և՛ հետիոտները հնարավորություն կունենան անվտանգ անցնել ճանապարհը։
Ներկայումս նախագիծը ստացել է համալիր փորձաքննության դրական եզրակացություն։ Եթե ֆինանսավորումն ապահովվի, շինարարությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի գարնանը։ Աշխատանքները նախատեսված է ավարտել մոտ 14 ամսում, այսինքն՝ 2027-ի աշնանը։ Իհարկե, մի խնդիր դեռ մնում է օրակարգում․ նախատեսվող հատվածում կան գույքի օտարման հարցեր, որոնք կարող են որոշ չափով երկարացնել ժամկետները։ Բայց ծրագրի պատասխանատուները վստահեցնում են՝ հնարավորինս փորձում են կառավարել այդ ռիսկերը։
Բացի Նորագավիթից, քաղաքում կան այլ հատվածներ, որտեղ ևս էստակադա կառուցելու անհրաժեշտություն կա։ Այդ ուղղությամբ քննարկումներ ընթանում են, սակայն հստակ որոշումներ դեռ չկան։
