ԱրցախՄշակույթ

Եռաբլուրում Արցախի անկախության հռչակման օրը բացվել է Արցախի բոլոր պատերազմների ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթող

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բացվեց «Արցախի կանչ» հուշակոթողը։ Այն նվիրված է Արցախի բոլոր պատերազմների ընթացքում զոհվածների հիշատակին, ինչպես նաև 2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունից զոհվածներին։

Հուշակոթողի խաչքարերը օրհնեց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Հուշարձանի ճարտարապետներն են Վլադիմիր և Միքայել Սարգսյանները, քանդակագործը՝ Ռոբերտ Ասկարյանը։ Վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին նվիրված հատվածի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է։

Արցախյան բոլոր պատերազմների զոհվածների ու անհայտ կորածների հարազատների միության ղեկավար Արմեն Ասրյանը համոզված է՝ հուշակոթողը միայն հիշատակի վայր չէ։

Հուշահամալիրի գաղափարի հեղինակը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն է։ Նախաձեռնությունն իրականություն է դարձել Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի ջանքերով։ Վանեցյանը հուշարձանի կառուցումն իրականացրել է սեփական միջոցներով։ Տարածքը տրամադրել են պետական կառույցները։