ՀայաստանՍոցիալական

Հայաստանում կստեղծվի պետական հարթակ՝ անշարժ գույքի հայտարարությունները ստուգելու համար

Հայաստանում նախատեսվում է ստեղծել պետական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով կստուգվեն անշարժ գույքի վաճառքի բոլոր հայտարարությունները։ Այս փոփոխությունը ներառված է «Ռիելթորական գործունեության մասին» օրենքում և արդեն ստացել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի հավանությունը։

Ըստ նախագծի՝ 2027 թվականից սկսած մասնագիտացված կայքերում տեղադրվող անշարժ գույքի վաճառքի բոլոր հայտարարությունները ավտոմատ կերպով կուղղվեն Կադաստրի կոմիտեին կից նոր հարթակ՝ փաստաթղթերի ստուգման համար։ Սա պետք է ապահովի, որ յուրաքանչյուր վաճառք ունենա անհրաժեշտ բոլոր իրավական հիմքերը և խուսափեն խարդախ գործարքներից։

Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով՝ եթե սեփականատերը հայտարարություն տեղադրի որևէ կայքում, այն նախ կանցնի պետական հարթակի ստուգումը։ Իսկ եթե գործընթացը սկսվի հենց պաշտոնական հարթակից, փաստաթղթերի ստուգումից հետո այն օգտատիրոջը կառաջարկի ընտրել արդեն գործող մասնագիտացված կայքեր։ Այս հարթակի հետ կապ չունեցող կայքերը այլևս չեն կարողանա հրապարակել անշարժ գույքի վաճառքի հայտարարություններ։

Բացի այդ, նոր օրենքով նախատեսվում է նաև, որ ռիելթորները (գույքի միջնորդ) պետք է ունենան բարձրագույն կրթություն և գործելու համար պարտադիր հանձնեն թեստային քննություն՝ ստանալով համապատասխան վկայական։

Սեդա Մարտոյան