
Նոր մանրամասներ են հայտնի Ամիրյան փողոցում պայթյունի հետևնքով վիրավորված քաղաքացիների մասին
Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին Amnews-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
Երկու քաղաքացիների վիճակը բավարար է, անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո նրանք դուրս են գրվել։ Երրորդ տուժածը, որը նախ վերակենդանացման բաժանմունքում էր, այսօր տեղափոխվել է բաժանմունք։ Վիճակը միջին ծանրության է, կյանքին սպառնացող վտանգ չկա,– նշեց նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 14։40-ի սահմաններում, Երևանի Ամիրյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել էին նաև հարակից մեքենաները։ Պատահարի արդյունքում երեք քաղաքացի հոսպիտալացվել էր, որոնցից երկուսը հանրային տրանսպորտի ուղևորներ են եղել։ Դեպքից ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ներառված 58 համարի ավտոբուսը կանգառ էր կատարել Ամիրյան փողոցում։ Այդ ժամանակ էլ տեղի էր ունեցել պայթյունը։ Ջարդվել էին ավտոբուսի պատուհանները, իսկ մեքենան, որում տեղի էր ունեցել պայթյունը, վերածվել է մետաղե ջարդոնի։