ԱրցախՔաղաքականություն

Բաքվի բանտերում պահվող հայ գերիները կյանքին վերջ տալու փորձեր են արել

Բաքվի բանտերում պահվող հայ գերիների վիճակը գնալով ավելի է ծանրանում։ Վերջին օրերին նրանցից մի քանիսը փորձել են կյանքին վերջ տալ։ Այս մասին հայտնել է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանը տեղեկացրել է, որ այս լուրը գերիների ընտանիքներին հայտնի է դարձել նրանց հետ վերջերս կայացած կարճատև հեռախոսազրույցների ընթացքում։ Խոսքը Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մասին չէ, այլ մյուս գերիների, որոնք արդեն ամիսներ շարունակ կտրված են արտաքին աշխարհից։

Սահակյանի խոսքով՝ Կարմիր Խաչի այցելությունների դադարեցումից հետո իրավիճակն էլ ավելի է սրվել․ գերիները հայտնվել են լիակատար մեկուսացման մեջ։ Ոչ մի միջազգային կառույց վերջին երկու ամիսներին նրանց չի տեսակցել։ Սա ոչ միայն զրկում է գերիներին հոգեբանական ու բարոյական աջակցության հնարավորությունից, այլև մեծացնում է առողջական և կյանքին սպառնացող վտանգները։

Այս հանգամանքը, իրավապաշտպանի կարծիքով, ցույց է տալիս ուղիղ կապ՝ մեկուսացվածության և ինքնասպանության փորձերի միջև։ Գերիների մասին որևէ վստահելի տեղեկություն չկա․ անհայտ է նրանց առողջական ու հոգեբանական վիճակը։

Նշենք՝ Բաքուն հաստատել է, որ իրենց մոտ է պահվում 23 հայ գերի։ Նրանցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։ Հունվարի 17-ից մեկնարկել է նրանց դատավարությունը, որը մինչ օրս էլ շարունակվում է։

Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: