ԱրցախՀայաստանՍոցիալական

Արցախցի շուրջ 800 ընտանիք ռուսական մարդասիրական օգնություն է ստացել Աբովյանում

Աբովյան քաղաքում Արցախից տեղահանված մոտ 800 ընտանիքի բաժանվել է ռուսական մարդասիրական օգնություն։ Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է երեք փաթեթ, որոնք պարունակում են մթերքներ և հիգիենայի պարագաներ։ Յուրաքանչյուր փաթեթի քաշը շուրջ 25 կգ է․ այն նախատեսված է մի քանի ամսվա համար և ներառում է հացահատիկային մշակաբույսեր, մակարոնեղեն, շաքար, ալյուր, պահածոներ, քաղցրավենիք, կարագ, թեյ, սուրճ, ինչպես նաև կենցաղային քիմիա, ատամի մածուկ և խոզանակ։ Երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրվել են նաև մանկական սնունդ (պյուրե, շիլաներ) և փոքրիկների համար առաջին անհրաժեշտության պարագաներով հատուկ հավաքածուներ։

Ընդհանուր առմամբ Հայաստան է մատակարարվել մոտ 140 տոննա բեռ, և օգնություն նախատեսվում է տրամադրել շուրջ 30 հազար տեղահանվածի։

Ավելի վաղ նմանատիպ օգնություն տրամադրվել էր Մասիսում և Գյումրիում։ Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել ավելի քան 3300 ընտանիք։

Նախաձեռնությունը իրականացվում է ռուսական մարդասիրական առաքելության, «Եվրասիա» ՀԿ-ի և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ՝ տեղական իշխանությունների մասնակցությամբ։