ՀայաստանՍոցիալական

Երեխաների իրավունքների պաշտպանության նոր փոփոխություններ. ի՞նչ է փոխվելու Հայաստանում

Հայաստանում քննարկվում են օրենսդրական կարևոր փոփոխություններ, որոնք վերաբերում են երեխաների իրավունքների պաշտպանությանը և ընտանեկան հարաբերություններին։

Առաջին և ամենաշատ քննարկվող փոփոխությունը վերաբերում է հայրության ճանաչման հարցին։ Նոր նախագծով առաջարկվում է երեխայի նկատմամբ հայրության ճանաչումը թույլատրել միայն կենսաբանական հոր կողմից։ Այլ անձանց կողմից այդ իրավունքը նախատեսվում է ամբողջությամբ արգելել։ Այս դրույթը, ըստ հեղինակների, կոչված է բացառել իրավական ու սոցիալական բարդ իրավիճակները, որոնք կարող էին առաջանալ նախկին կարգավորումների դեպքում։

Մյուս կարևոր նորամուծությունը առնչվում է երեխայի կարծիքը հաշվի առնելուն։ Մինչ այժմ օրենսդրությամբ ամրագրված էր, որ միայն տասը տարեկանից բարձր երեխաների կարծիքը պետք է դիտարկվի նրանց վերաբերող որոշումներում։ Նախագծով այս տարիքային սահմանափակումը հանվում է, և յուրաքանչյուր երեխա, անկախ տարիքից, հնարավորություն կունենա արտահայտելու իր դիրքորոշումը։ Կարծիքը կգնահատվի՝ հաշվի առնելով երեխայի հասունության և զարգացման մակարդակը։ Նշվում է նաև, որ երեխայի լսված լինելու իրավունքը չի կարող օգտագործվել նրա շահերին հակառակ, իսկ գործընթացում պարտադիր կներգրավվի մանկական հոգեբան կամ սոցիալական աշխատող։

Փոփոխությունների փաթեթում առաջին անգամ օրենքով ամրագրվում է նաև «բուլինգ» հասկացությունը։ Պետական և համայնքային մարմինները պարտավոր են լինելու իրականացնել կանխարգելիչ և արձագանքող միջոցառումներ՝ դպրոցներում և այլ միջավայրերում բուլինգի ենթարկված կամ դրա վտանգի տակ գտնվող երեխաներին պաշտպանելու համար։

Նախագիծը ներառում է նաև մի շարք այլ կարգավորումներ։ Այսուհետ ալիմենտի վճարումները պետք է կատարվեն միայն անկանխիկ եղանակով։ Որդեգրման դատավարական գործընթացում երեխայի մասնակցությունը այլևս պարտադիր չի լինի, մինչդեռ գործող օրենսդրությամբ 14 տարեկանից բարձր երեխաները պետք է ներկայանային դատարանում։ Միևնույն ժամանակ նախատեսվում է նաև ուժեղացնել երեխայի պաշտպանության համակարգը համայնքներում՝ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում ստեղծելով լրացուցիչ մասնագիտական լիազորություններ։

Սեդա Մարտոյան