
Հայաստանը Հնդկաստան–Իրան բանակցությունների օրակարգում․ Չաբահար նավահանգիստը դառնում է առանցքային
Հնդկաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունները պատրաստվում են խորհրդակցությունների, որոնք կկայանան սեպտեմբերի 13-ին Թեհրանում։ Քննարկումների հիմնական նպատակը երկու երկրների համագործակցության խորացումն է։ Դրա ընթացքում անդրադարձ է կատարվելու նաև Չաբահար նավահանգստին։ Երեք երկրների Արտաքին գործերի նախարարները հանդիպելու են։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ այս հանդիպումները կդառնան նաև հարթակ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ստորագրված խաղաղության պայմանագրին ավելի մոտիկից ծանոթանալու համար։
Չաբահար նավահանգիստը կարևոր է «Խաղաղության խաչմերուկ» համատեքստում։ Այն կապելու է Հայաստանը Հնդկաստանին։ Ըստ նախագծի, ենթադրում է բեռների տեղափոխում Հնդկաստանի «Մումբայ» նավահանգստից մինչև «Չաբահար», այնուհետև ցամաքային ճանապարհով Հայաստան, ապա՝ Վրաստան։ Դեռևս այս տարվա փետրվարին տեղեկացրել էինք, որ հայկական ընկերություններից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել իրանական «Չաբահար» նավահանգիստը ազատ առևտրի գոտում գրանցվելու և լոգիստիկ գործունեություն սկսելու վերաբերյալ։ Նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը մասնավոր ներդրողների հետ այցելել էր Իրանի «Չաբահար» նավահանգիստ։ Գերատեսչությունը նշում է, որ այդ ժամանակ հայկական ընկերությունների և իրանական կողմի միջև փոխըմբռնման և համագործակցության հուշագիր է ստորագրվել։
Բեռանփոխադրումների արժեքների մասին տվյալներ Հայաստանը դեռ չունի։ Նախարարությունից նշում են, որ անհրաժեշտ է որոշակի քանակությամբ բեռների փոխադրումներ իրականացնել։ Դրանց ուղղությամբ ներկայում աշխատանքներ են իրականացվում։ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլաքշի Սահա Սինհան 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Հնդկաստանը Հայաստանի համար կդյուրացնի Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը, քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է։ Իրանից ևս դրական են արձագանքում նախագծի իրականացմանը։ Չնայած դրան՝ սա կնպաստաի Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրի աճին։ Սրա մասին դեռևս նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր Իրանի առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքին։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան այդ ժամանակ նշել էր, որ Հայաստանն արդեն մուտք է ստացել դեպի իրանական Չաբահար նավահանգիստ։ Նա հավելել էր, որ ԵԱՏՄ բոլոր երկրների ներկայության համար «Չաբահարում» արդեն պատրաստ են ենթակառուցվածքներ։
Բանակցությունները կազմակերպվում են Հնդկաստանի և Իրանի ազգային անվտանգության խորհրդականների վերջերս ունեցած հեռախոսազրույցից հետո։ Կողմերը մտադիր են կենտրոնանալ Չաբահար նավահանգստի աշխատանքների աշխուժացման և «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման վրա։ Այս թեմաներն առանցքային են ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Իրանի ու Հայաստանի համար, քանի որ դրանք մեծացնում են տարածաշրջանային տնտեսական և լոգիստիկ հնարավորությունները։
Հանդիպումն առանձնահատուկ է նաև այն պատճառով, որ այն առաջին կառուցվածքային երկխոսությունն է Իրանի մասնակցությամբ՝ այս տարվա հունիսին Իրանի և ԱՄՆ-Իսրայելի միջև տեղի ունեցած ռազմական լարվածությունից հետո։ Բացի երկկողմ բանակցություններից՝ նախատեսվում է նաև Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հանդիպում։ Այն վերջին տարիներին աստիճանաբար ձևավորվող ձևաչափ է, որի միջոցով Հնդկաստանը փորձում է Իրանի միջոցով ավելի սերտ կապեր հաստատել Հայաստանի հետ։