Հայաստանը Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ շուկայում պիտի լինի
Հայաստանի իշխանություններն այժմ ակտիվորեն խոսում են տնտեսության դիվերսիֆիկացման մասին՝ որպես երկարաժամկետ կայունության և անվտանգության գործոն։ ԱԺ-ում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ կառավարությունը ձգտում է աշխարհի տարբեր շուկաներում ներկայություն ունենալ, ինչը, ըստ նրա, կպաշտպանի երկիրը արտաքին ռիսկերից և կապահովի տնտեսության դիմակայունությունը։
Հայտարարությունը, ինչպես պետք է հասկանանք, տալիս է երկու կարևոր ուղերձ․
Առաջին՝ աշխարհագրական և շուկայական ընտրություն. Հայաստանը փորձում է միաժամանակ կախված լինել հնարավորինս շատ երկրներից, որպեսզի չլինի կախված մեկ շուկայից, ինչն ապահովում է տնտեսական և, մասամբ, անվտանգային կայունություն։ Սակայն սա ավելի շատ լավատեսական մոտեցում է, քան կոնկրետ ռազմավարական պլան․ որևէ օրինակ չկա, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում իրականացնել այս դիվերսիֆիկացումը և իրականում որքանով են Հայաստանի ապրանքներն ու ծառայությունները պահանջարկ ունեցող ԵՄ շուկայում ներկայանալու։
Երկրորդ՝ ռիսկերի կառավարման հարցը. նախարար Պապոյանը շեշտեց, որ կառավարությունը պատրաստ է «փափուկ անցման» մեխանիզմների և ռիսկերի գնահատման՝ օրինակ ԵԱՏՄ-ից ԵՄ շուկա անցնելու դեպքում։ Սակայն բաց է մնում, թե կոնկրետ ինչ գործիքներ կգործադրվեն, և ինչ հստակ ժամանակացույց է նախատեսված՝ հնարավոր խնդիրները չեզոքացնելու համար։ Ընդհանրապես, հայտարարությունները որոշ չափով ավելի շատ քաղաքական հուշումներ են, քան կոնկրետ ռազմավարական քայլեր, ինչը կարող է ազդել շուկաների վստահության վրա։
Բազմիցս անդրադարձել ենք այս հարցին, թե ինչ կտա Հայաստանին ԵՄ-ին միանալը ու ինչ կխլի Հայաստանից։ ԵՄ-ին միանալու գործընթացի մեկնարկի մասին բուռն արձագանքեցին Կրեմլից՝ նշելով անգամ, որ ԵՄ-ին միանալը կփակի ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար, այսինքն՝ Հայաստանը իր առևտրաշրջանառության հիմնական գործընկերոջը՝ ԵԱՏՄ-ին, կարող է կորցնել։ Մենք վերջերս արդեն անդրադարձել էինք միջազգային երկու կառույցների հետ Հայաստանի առևտրին։ Ի դեպ, ԵԱՏՄ-ի հետ առևտուրը շուրջ 7 անգամ գերազանցում է ԵՄ-ի հետ առևտրին 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ժամանակահատվածում։
