Երևանում կկառուցվի Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ երեք տարի առաջ ընդունված որոշումից հետո հայտնի է դարձել, որ Չարբախում Արթուր Աբրահամի անվան դպրոցի նախագիծը արդեն կազմված է։ Նախագիծը մշակվել է հենց մարզիկի անմիջական մասնակցությամբ և միջազգային լավագույն փորձը հաշվի առնելով։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի փոխանցմամբ՝ դպրոցը կկառուցվի մեկ ստորգետնյա և երեք վերգետնյա հարկերով՝ ընդհանուր մոտ 5400 քմ տարածքով։ Դպրոցը կունենա ըմբշամարտի և բռնցքամարտի դահլիճներ բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով, ինչպես նաև ընդհանուր մարզումների և ուժային պատրաստությունների համար նախատեսված սրահներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին։
Շինարարության համար մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 22-ին։ Դրանից հետո շինարարական աշխատանքները անմիջապես կմեկնարկեն։
Բացի այդ, ավարտական փուլում են Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի դպրոցի նախագծման աշխատանքները։ Նոյեմբերին նախատեսվում է սկսել շինարարությունը Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում։
Արթուր Աբրահամը որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ հանդես է եկել Գերմանիայի դրոշի տակ։ 2005-2009 թվականներին եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։
