
Սահմանագծումը կշարունակվի Սյունիքում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը վերջին ամիսներին ստացել է նոր ընթացք։ Եթե նախորդ տարի հայտարարվում էր, որ աշխատանքները սկսվելու են հյուսիսից՝ Տավուշի ուղղությունից, ապա այժմ պաշտոնական հաղորդագրությունները վկայում են, որ առաջնահերթությունը տեղափոխվել է դեպի հարավ՝ Սյունիք։ Այս փոփոխությունն ակնհայտորեն համընկնում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի հետ, որով նախատեսվում է Սյունիքի մարզով անցկացնել «Թրամփի ուղի» կոչվող ռազմավարական ճանապարհը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հաստատեց, որ հայկական ու ադրբեջանական պատվիրակությունները փոխայցելություններ են կատարել Սյունիքի և Զանգելանի հարավային տարածքներ։ Սակայն չի հստակեցվում՝ որ հատվածների սահմանազատման մասին է խոսքը։
Սա զուտ տեխնիկական փոփոխություն չէ․ այն ուղիղ կապ ունի «Թրամփի ուղու» նախագծի իրագործման հետ։ Նախքան ճանապարհի շինարարությունը պետք է հստակեցնել՝ որտեղով է անցնելու պետական սահմանը։
Ամերիկյան կողմը հայտարարել է, որ ճանապարհը վարձակալում է 99 տարով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Թեև պաշտոնական Երևանի ներկայացուցիչները շեշտում են, որ խոսքը հողի վարձակալության մասին չէ, այլ կառուցապատման իրավունք տալու, էությունը չի փոխվում։ Հայաստանի տարածքով անցնող հատվածը դառնում է միջազգային վերահսկողության օբյեկտ, որտեղ երկրի սուվերենությունը սահմանափակվում է։
Սյունիքում սահմանազատումն ու «Թրամփի ուղու» կառուցումը նաև Ադրբեջանին է տալիս ուղիղ առևտրային հասանելիություն դեպի Նախիջևան։ Սա Բաքվի ռազմավարական նպատակն է։ Հայաստանը, փաստացի, իր տարածքի հաշվին ապահովում է Ադրբեջանի տարածաշրջանային կապերը՝ առանց վստահ երաշխիքների, որ Բաքուն կդադարեցնի նոր պահանջներ դնել։