Ստեփանակերտում հայ տղամարդը նռնակ է նետել ադրբեջանցի ոստիկանների ուղղությամբ․ իրականություն թե ադրբեջանական քարոզչություն
Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 15-ին տեղեկություններ էին տարածել այն մասին, որ օկուպացված Ստեփանակերտում ձերբակալվել է 1967 թվականին ծնված Կարեն Ավանեսյանը, ով իբր պատրաստվում էր զինված հարձակման։ Նրանց վարկածով՝ Ավանեսյանը թաքստոցից վերցրել է ինքնաձիգ, նռնակներ, փորձել մոտենալ քաղաքում ընթացող միջոցառման վայրին և ձերբակալության պահին դիմադրություն ցույց տվել՝ նռնակներ նետելով ոստիկանների վրա։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ավանեսյանը քաղաքից դուրս գտնվող անտառի թաքստոցից նախապես վերցրել էր Կալաշնիկովի ինքնաձիգ, 4 փամփուշտատուփ, ինչպես նաև նռնակ։ Նշվում է, որ այդ տղամարդը արդեն ձերբակալվել է։ Նրա ճակատագիրը դեռևս անորոշ է։
Ադրբեջանը նույնիսկ հրապարակեց տեսանյութ, որտեղ ներկայացվում է միջադեպի մանրամասները։ Սակայն այս պատմությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ինչու հենց այս պահին է շրջանառության մեջ դրվում նման հայտարարություն, և այս անգամ ուր է գնում ադրբեջանական քարոզչությունը, երբ հայկական կողմը արդեն խոսում է ադրբեջանցների հետ առևտուր անելու մասին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նկատում է, որ տեսանյութի տարածմամբ Բաքուն մի քանի նպատակ է հետապնդում․ ներքին լսարանին ցույց տալ, թե լիարժեք վերահսկում է իրավիճակը, ինչպես նաև ձևավորել հայի կերպար՝ որպես մշտապես վտանգ ներկայացնող տարր։
Իսկ իրականում ի՞նչ է տեղի ունեցել Ստեփանակերտում։ Այս հարցին հստակ պատասխան չկա, քանի որ դեպքը լուսաբանվում է բացառապես ադրբեջանական աղբյուրների կողմից։ Հայկական պաշտոնական կառույցները դեպքի վերաբերյալ առայժմ լռում են։
