Թուրքիայում գտնվող հայկական Վարագավանքը կործանման եզրին է․ բնակիչները պահանջում են գործնական քայլեր
Թուրքիայի Վան քաղաքի Վերին Բաքրաչլը թաղամասի բնակիչները պահանջում են իշխանություններից գործնական քայլեր ձեռնարկել՝ փրկելու համար պատմական հայկական Վարագավանքը, որը վտանգի մեջ է։ Այս մասին իմանում ենք «Նոր Մարմարա» օրաթերթի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից։
Գրառման մեջ նշվում է, որ Վարագավանքը, որը հայտնի է նաև «Յոթը եկեղեցիներ» անունով, 8-րդ դարում կառուցվել է և հանդիսացել հոգևոր կարևոր կենտրոն։ Այսօր այն գտնվում է փլուզման եզրին․ գմբեթները փլվել են, իսկ որմնանկարներն ու արձանագրությունները վնասված են։ Գրառման մեջ նշվում է, որ վանքը երկար տարիներ չի նորոգվել և պահպանվում է միայն տեղացիների ջանքերով։ Ամեն տարի բազմաթիվ հայ զբոսաշրջիկներ այցելում են վանք և աղոթում ավերակների մեջ։
Թաղամասի բնակիչները պահանջում են թուրքական իշխանություններից անհապաղ միջոցառումներ ձեռնարկել՝ վանքի ամբողջական փլուզումից պաշտպանելու համար։
