ՀայաստանՏնտեսություն

Հայկական ընկերությունները հնարավորություն կստանան իրենց բաժնետոմսերը Վարշավայի ֆոնդային բորսայում վաճառել

Հայկական ընկերությունները հնարավորություն կունենան իրենց բաժնետոմսերը վաճառքի հանել Վարշավայի ֆոնդային բորսայում։ Համապատասխան համաձայնագիրը Երևանում ստորագրել են Հայաստանի և Լեհաստանի կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավարները՝ Հայաստանի Բանկերի միության ամենամյա համաժողովի ընթացքում։

Լեհաստանի Արժեթղթերի ազգային դեպոզիտարիայի խորհրդի անդամ Մարչին Տրուխանովիչի խոսքով՝ համաձայնագրով լեհական կողմը հաշիվ կբացի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում, ինչը թույլ կտա հայկական արժեթղթերը վաճառքի հանել Վարշավայում։ Նախնական փուլում խոսքը մասնավոր ընկերությունների արժեթղթերի մասին է, սակայն ներդրողների հետաքրքրությունից կախված՝ հնարավոր է նաև այլ արժեթղթերի մուտք բորսա։

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունը նախատեսում է անսահմանափակ կապի ալիք երկու դեպոզիտարիաների միջև՝ առանց առևտրի ծավալի սահմանափակման։ Միևնույն ժամանակ հայկական ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման թափանցիկության պահանջներին և պայմանագիր կնքեն լեհական դեպոզիտարիայի հետ՝ դիվիդենտների ժամանակին վճարումը ներդրողների համար ապահովելու։

Տրուխանովիչը նշել է, որ հայաստանյան արժեթղթերը կարող են ավելի բարձր տոկոսադրույք ապահովել, քանի որ երկիրը ներդրողներին քիչ հայտնի է և չունի բարձր վարկային վարկանիշ, սակայն Վարշավայի բորսան հնարավորություն կտա հայկական բիզնեսին հասանելի դառնալ օտարերկրյա լայն ներդրումային շուկայի։

Վարշավայի ֆոնդային բորսան Արևելյան Եվրոպայի խոշորագույններից է՝ Մոսկվայի բորսայից հետո։ 2024 թվականին այստեղ բաժնետոմսերի առևտրի շրջանառությունը կազմել է ավելի քան 90 մլրդ դոլար, որից շուրջ 70%-ը բաժին է ընկնում օտարերկրյա ներդրողներին։

Հայաստանը Հարավային Կովկասում առաջին երկիրն է, որի հետ Լեհաստանի դեպոզիտարիան նման համաձայնագիր է կնքում։ Բացի այդ, լեհական կողմը պատրաստ է հայկական ընկերություններին տրամադրել նաև իրավաբանական անձանց նույնականացման կոդեր (LEI), որոնք պարտադիր են ԵՄ տարածքում արժեթղթերի շրջանառության համար։

Հիշեցնենք, որ Վարշավայի ֆոնդային բորսան 2022 թվականին ձեռք էր բերել Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը (65.03%)։