
Կառավարությունը «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրոն» միացնում է «Հայփոստին»
Կառավարությունը որոշել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գործող «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» ՓԲԸ–ն միացնել «Հայփոստ» ՓԲԸ–ին։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս միավորումը պետք է ապահովի երկու ընկերությունների ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործումը։
Միավորման արդյունքում նախատեսվում է կառուցել նոր փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոն։ Կառավարությունը կանխատեսում է, որ 2025–2030 թվականներին «Հայփոստի» փոստային եկամուտները կաճեն մոտ 39%-ով, համախառն շահույթը՝ 29%-ով, իսկ ծախսերը կնվազեն։
Ինստիտուտի աշխատողներից մեկը Amnews-ին հայտնեց, որ իրենք կասկածներ ունեին, որ կառույցը կփակվի, քանի որ «նորմալ ֆինանսավորում չուներ»։
Սակայն որոշումն առաջացրել է հարցեր․ ի՞նչ կապ ունի գիտահետազոտական ինստիտուտը փոստային ծառայության հետ, արդյո՞ք այս քայլը չի նշանակի գիտական կառույցի լուծարում՝ նրա գիտական ներուժի կորուստով։ Կառավարությունը հիմնավորումներ է ներկայացրել միայն «Հայփոստի» ֆինանսական շահույթների մասին, մինչդեռ որևէ պարզաբանում չի տրվել, թե ինչ ճակատագիր կունենա գիտական ուղղվածության ինստիտուտն ու այնտեղի աշխատողները։
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը հիմնադրվել է 1960 թվականին մինչ այդ Բյուրականի աստղադիտարանում գործող ռադիոաստղագիտության բաժնի հիման վրա։