ՀայաստանՏնտեսություն

Նոր ատոմակայանի էներգաբլոկ․ լուծո՞ւմ, թե՞ նոր խնդիր Հայաստանի համար

Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու շուրջ քննարկումները թևակոխել են նոր փուլ։ Մինչ ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգվում է մինչև 2036 թվականը, կառավարությունը և էներգետիկայի ոլորտի մասնագետները փորձում են գտնել ապագայի լավագույն լուծումը։ Խորհրդարանական նիստերի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ ուսումնասիրվում են տարբեր տեխնոլոգիաներ, որոնք առավել համահունչ կլինեն մեր երկրի էներգահամակարգին։ Ուշադրության կենտրոնում այժմ փոքր մոդուլային ռեակտորներն են։

Մասնագետների կարծիքով՝ Հայաստանի համար ոչ թե մեծ, այլ ավելի փոքր և ճկուն ատոմակայան կառուցելն է նպատակահարմար։ Մասնավորապես, նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը կարծում է, որ 600 ՄՎտ հզորությամբ կայանը լավագույն տարբերակն է, որը թույլ կտա էներգահամակարգին լինել ավելի մանևրող և արդյունավետ։ Իսկ ահա 1000-1200 ՄՎտ հզորությամբ մեծ կայանը, որի կառուցումը մոտ 9 միլիարդ դոլար կարժենա, պարզապես տեղ չունի մեր փոքր շուկայում։ Այս դեպքում ստիպված կլինենք էլեկտրաէներգիա արտահանել, ինչը մեծ կախվածություն կառաջացնի արտաքին շուկաներից։ Ավելին, այդպիսի մեծ կայանը կխոչընդոտի Հայաստանում արևային էներգիայի զարգացումը։

Մյուս կարևորագույն հարցը այն է, թե ո՞վ է կառուցելու այդ ատոմակայանը։ Վարդանյանը շեշտում է, որ մենք պետք է հասկանանք՝ ում հետ ենք կապվելու մինչև 100 տարով, քանի որ ատոմակայանը ոչ միայն կառուցել, այլև սպասարկել ու դրանց վառելիքը մատակարարել է պետք։ Այդ իսկ պատճառով համագործակցող երկիրը պետք է լինի հուսալի գործընկեր։ Ներկայումս քննարկվում են ոչ միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի, այլև Չինաստանի և Կորեայի առաջարկները։ Ամերիկյան ընկերությունն արդեն սկսել է փոքր մոդուլային ռեակտորների (SMR) կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ։

Մասնագետները միաձայն շեշտում են, որ նոր ատոմակայանի ընտրությունը պետք է լինի ոչ թե քաղաքական, այլ զուտ տեխնիկատնտեսական հիմնավորումների վրա հիմնված որոշում։ Հարևաններից ատոմակայան է կառուցում Թուրքիան «Ակկույու» անվամբ։ Հզորությունը մոտ 4800 ՄՎտ (4 ռեակտոր) է նախատեսվում։ Վրաստանը չունի ատոմակայան, Իրանն ունի «Բուշեհր» ԱԷԿ, նախատեսում է նոր բլոկեր, իսկ Ադրբեջանը քննարկումներ ունեցել է, բայց կոնկրետ նախագիծ չունի։

Հետաքրքիր է, որ Հայաստանը նախատեսում է ատոմակայան կառուցել՝ ունենալով շուրջ 13 միլիարդ դոլարի պարտք։ Այն ինքնից խոսում է հավելյալ բեռի մասին, որը կարող է ունենալ կառավարությունը։ Ի դեպ, Հայաստանում պարտքը գնալով մեծանում է․

Մեծամորի ատոմակայանը, որը ներկայումս ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը, շարունակում է մնալ մեր էներգետիկ անվտանգության հիմնասյուներից մեկը։ Սակայն, ակնհայտ է, որ ապագան պատկանում է նոր տեխնոլոգիաներին, որոնք պետք է լինեն ոչ միայն անվտանգ, այլև տնտեսապես արդարացված։