ՀայաստանՍոցիալական

Կկանխվի ապօրինի աղբավայրերի շահագործումը

Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն կանխել ապօրինի աղբավայրերի շահագործումը և բարելավել թափոնների կառավարման համակարգը։

Նախագծով սահմանվում են թափոնների տեսակավորման պարտադիր կանոններ, թափոնների արդյունավետ օգտագործման սկզբունքներ, ինչպես նաև պարտավորություն շրջակա միջավայրը աղտոտողներին վերացնել կամ նվազեցնել բացասական հետևանքները։

Փոփոխություններով հստակեցվելու են վտանգավոր թափոնների տնօրինման պահանջները, դրանց համար նախատեսված պոլիգոնների և գործունեության լիցենզավորման կարգը։ Կկարգավորվեն նաև թափոնների հաշվառման, անձնագրավորման ու վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացները։

Օրենսդրական փոփոխությունների փաթեթը սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովին է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ աղբավայրերը կշահագործվեն վերահսկելի և կանոնակարգված ձևով։

Սեդա Մարտոյան