ՀայաստանՍոցիալական

ՄԻԵԴ–ը պահանջել է Ադրբեջանի Բաքուում պահվող 23 հայ գերիների մասին հաշվետվություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանից պահանջել է ներկայացնել Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը:

Մինչդեռ հուլիսին Ադրբեջանը փորձել էր ՄԻԵԴ–ին միջնորդություն ներկայացնել, որպեսզի ազատվեն հաշվետվություն ներկայացնելու պարտականությունից։ Հայաստանի կառավարության և գերիների ներկայացուցիչների առարկություններից հետո դատարանը մերժել է Ադրբեջանի միջնորդությունը և պարտավորեցրել տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները:

Բաքվի բանտերում հայ գերիները շուրջ երեք ամիս գտնվում են մեկուսացման մեջ, և որևէ անկախ միջազգային կառույց նրանց չի տեսակցել։ Առողջական և հոգեբանական վիճակի վերաբերյալ տեղեկություններ չեն տրամադրվել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ գերիներին տեսակցել են հունիսին, իսկ սեպտեմբերից նրանց գործունեությունը Բաքվում դադարեցվել է ադրբեջանական իշխանությունների պահանջով։

Գերեվարվածների մեծ մասը՝ 17 հոգի, հայտնվել է այնտեղ Արցախի դեմ սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո։ Նրանց թվում են Արցախի նախկին ռազմաքաղաքական և պետական ղեկավարներ, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։