
Հայաստանը կշարունակի զարգացնել փոքր մոդուլային միջուկային ռեակտորի ծրագիրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ կառավարությունը քննարկումներ է վարում 5 երկրներ հետ՝ փոքր մոդուլային ատոմակայան ունենալու նպատակով։ Վարչապետի խոսքով՝ այս բանակցությունները զուտ կոմերցիոն են և չեն կրելու աշխարհաքաղաքական ենթատեքստ, իսկ ընտրությունը կախված կլինի միայն լավագույն առաջարկներից՝ ապահովված տեխնոլոգիա, մրցունակ գին և կարճ հետգնման ժամկետներ։
Փաշինյանը նշեց, որ փորձագետների խմբերը կայցելեն տարբեր երկրներ՝ ուսումնասիրելու և պարզելու բոլոր անհրաժեշտ դետալները։ Միաժամանակ, առաջիկա 1,5 տարում կառավարությունը նպատակ ունի վերջնական որոշում կայացնել և պայմանագիր կնքել։ Վարչապետը ընդգծեց, որ քաղաքական կոմպոնենտ այս փուլում չեն դնում և կենտրոնացած են բացառապես գործնական ու տեխնիկական հարցերի վրա։
Դեռևս փետրվարի 8-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ բացահայտ հայտարարեց մոդուլային ատոմակայան ունենալու հարցի քննարկման մասին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ կառավարությունը ստեղծեց փակ բաժնետիրական ընկերություն՝ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման համար։ Այդ օրը նաև հայտնի դարձավ, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։
Հարկ է նշել նաև, որ օրեր առաջ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը խոսել էր փոքր մոդուլային ատոմակայան ունենալու մասին և հիմնական գործընկերոջ դերում դիտարկել Ռուսաստանին։
Այնուամենայնիվ, ուր է գնում Հայաստանը այս անգամ, դժվար է գուշակել։ Սակայն հարկ է նշել, որ միջուկային էներգիան ամբողջ աշխարհում ոչ միայն կայուն ու կանաչ էներգիայի աղբյուր է, այլև ռազմավարական և քաղաքական լծակ, որի շուրջ ձևավորվում են տարածաշրջանային հարաբերությունները։