ՀայաստանՊատահար

Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանին կարող է սպասվել մինչև 7 տարվա ազատազրկում

Արտգործնախարար, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի համար դատախազը պահանջել է առավելագույն պատիժ՝ 7 տարվա ազատազրկում։ Երևանի առաջին ատյանի դատարանում ընթացող նիստին մեղադրող կողմը նշել է, որ Ասատրյանը հանցանքը կատարել է խմբով, առանձնակի դաժանությամբ և ռազմական դրության պայմաններում։

Պաշտպանական կողմը, սակայն, ներկայացրել է մեղմացուցիչ հանգամանքներ։ Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին հիշեցրել է, որ Ասատրյանը գերազանց է սովորել դպրոցում, եղել է սպորտում հաջողությունների հասած երիտասարդ՝ MMA-ի բազմակի չեմպիոն, արևելյան մարտարվեստների վարպետ։ Նա նաև ներկայացրել է Ասատրյանի ստացած մեդալներն ու պատվոգրերը՝ նշելով, որ նա երբևէ չի ունեցել հակասություն օրենքի հետ։

Կոչուբաևը դատարանին խնդրել է նշանակել պատժի նվազագույն չափը՝ 3 տարի ազատազրկում, և չկրած մասը փոխարինել փորձաշրջանով։ Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։00-ին։

Թորգոմ Ասատրյանը կալանքի տակ է գտնվում արդեն մոտ երեք տարի՝ 2023-ի փետրվարից, մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերից անցել էր ավելի քան երկու տարի, երբ նա ձերբակալվեց։

Հիշեցնենք, որ այդ օրերին Հայաստանում իրավիճակը ծայրահեղ լարված էր։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն, որով ավարտվեցին Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողությունները։
Հաջորդող գիշերը Երևանում հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ։ Բողոքի ալիքը հասավ կառավարական և խորհրդարանի շենքեր։ Այդ ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, տեղափոխվեց հիվանդանոց, և հարուցվեց քրեական գործ՝ մահափորձի հատկանիշներով։

Այս գործի վերաբերյալ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսին հայտարարել էր, որ քննությունը շարունակվում է և «շուտով կլինեն արդյունքներ»։