
Փարաքարի նոր համայնքապետ է դարձել Օնիկ Ախվերդյանը
Փարաքար խոշորացված համայնքը նոր ղեկավար ունի․ համայնքապետ է ընտրվել «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանը։ Նա միակ թեկնածուն էր և ընտրվեց միաձայն։ Ախվերդյանը նախընտրական ցուցակում հաջորդում էր համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանին։ Նրանք համախոհներ են եղել։ Հասկանալի է, որ Վալոդյա Գրիգորյանից հետո նա բնակչության մեջ ունի համբավ։ Սակայն, գլխավոր հարցն այն է, թե ինչպես է փորձելու նա համայնքում առողջ մթնոլորտ ձևավորվել ողբերգական դեպքերից հետո, քանի որ նույնիսկ երեկ հայտնի է դարձել, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից ութ օր անց, երբ նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի թիմակիցները տեղեկացել են, որ սպանության կասկածյալներից Նարեկ Օհանյանի եղբոր գերեզմանը պղծվել է (ջարդուփշուր է արվել հուշարձանը), գյուղում լուրջ ընդհարում է սկսվել։ Ախտոյանի թիմակիցները փորձել են հաշվեհարդար տեսնել՝ բռնության դիմելով Գրիգորյանի կողմնակիցների նկատմամբ։
Նորընտիր համայնքապետի ընտրությունը տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստում, որը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Վալոդյա Գրիգորյանի հիշատակը։ Նիստին, սակայն, ներկա չէին «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների անդամները։
«Միասնություն» դաշինքը ձևավորվել է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունների միավորմամբ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։ Նրանց հետ գտնված երրորդ անձը՝ Արծրուն Գալստյանը, վիրավորվել էր։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ կրակոցները արձակել էր դիմակավորված անձը, որը դեպքից հետո փախուստի էր դիմել։ Մի քանի օր անց ձերբակալվել էր Նարեկ Օհանյանը՝ Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի ազգականը։ Ավելի ուշ՝ սեպտեմբերի 28-ին, ձերբակալվել էր նաև Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել էր, որ հենց ինքն է կատարել սպանությունը։ Նրա մոտ հայտնաբերվել էր նաև հանցագործության գործիք հրազենը։