
Վերին Լարս տանող ճանապարհին երթևեկության սահմանափակումներ են սահմանվել
Վերին Լարս տանող ճանապարհին այսօրվանից գործում են երթևեկության սահմանափակումներ։ Ինչպես հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը, Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի 126-րդ կմ-ում իրականացվող հողային աշխատանքների պատճառով երթևեկելի հատվածը նեղացվել է։
Այդ պատճառով մինչև 2025 թվականի դեկտեմբերի 6-ը ամեն օր ժամը 06։00-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների անցումը նշված հատվածով։ Ռազմավարական այս ճանապարհը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ գործող ցամաքային ուղին է, ուստի սահմանափակումները կարող են ազդել նաև Հայաստանի քաղաքացիների և բեռնափոխադրումների վրա։
Սահմանափակումները կապված են նոր Գուդաուրի–Կոբի շրջանցիկ ճանապարհի կառուցման հետ։ Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ և 5 թունել, որոնցից ամենաերկարը՝ 9 կմ, կնպաստի ճանապարհի ամբողջ տարվա անվտանգ և անխափան գործարկմանը։
Շինարարության ավարտից հետո Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա ճանապարհը հնարավոր կլինի անցնել շուրջ 45 րոպեով ավելի կարճ ժամանակում։