
ՀՀ կառավարությունը խաղողագործներին կրկին ֆինանսական աջակցություն է տալիս
ՀՀ կառավարությունը կրկին որոշել է օգնել խաղողագործներին։ Սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30–ը մթերողներին կտրամադրվի բյուջետային երաշխիք՝ մինչև 50%, սակայն ոչ ավելի, քան նախորդ տարվա արտահանված խաղողի արժեքը:
Բյուջետային երաշխիքը նշանակում է, որ պետությունը ստանձնում է պարտավորություն աջակցել խաղողի մթերմամբ զբաղվողներին վարկի կամ ֆինանսական պարտավորությունների դեպքում: Օրինակ, եթե խաղողագործը վերցնում է վարկ մթերման համար, բայց չի կարողանում այն վերադարձնել, պետությունը հոգում է վարկի մի մասը: Այս միջոցը ապահովում է, որ բանկերն ու վարկատուները վարկ տրամադրեն, իսկ գյուղացիները կարողանան առանց մտահոգության մթերել իրենց բերքը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ երաշխիքները տրամադրվելու են առավելագույնը 27 ամսով, իսկ խաղողագործների հետ պայմանագրերի ժամկետը երկարաձգվելու է մինչև նոյեմբերի 1-ը, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ վարկեր ներգրավել մթերման համար:
Նախարարի տեղեկացմամբ, այս տարի խաղողի բերքը զգալիորեն ավելի մեծ է, քան նախորդ տարի: Մթերումներն արդեն սկսվել են օգոստոսի սկզբից և իրականացվում են ավելի քան 50 մթերման կետերում: Այս պահի դրությամբ մթերվել է մոտ 167 հազար տոննա խաղող, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում մթերվել էր 147 հազար տոննա: Պլանավորվում է, որ մինչև տարեվերջ ավելի քան 200 հազար տոննա խաղող կմթերվի:
Սակայն հարցը միայն բերքի քանակը չէ։ Վերջին տասնամյակում խաղողագործության ոլորտը պարբերաբար բախվել է համակարգային խնդիրների, որոնցից էին մթերման գների անկայունությունը, երբ գյուղացիները հաճախ ստիպված են եղել իրենց բերքը վաճառել ինքնարժեքից ցածր գնով, մթերող ընկերությունների ֆինանսական անկայունությունը, որոնք երբեմն ամիսներ շարունակ չեն վճարել գյուղացիներին և այլն։ Շատ հաճախ նաև պետական աջակցությունները ժամանակավոր բնույթ են կրում, որոնք լուծում են ընթացիկ խնդիրները, բայց ոչ դրանց երկարաժամկետ հետևանքները։ Սրա հետ զուգահեռ կարելի է նշել նաև, որ վերջին ամիսներին դեպի Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքները հաճախ խնդիրների են բախվում, և ապրանքները շատ հաճախ փչանում են ճանապարհներին։
Հարկ է նշել, որ 2024 թվականին պտուղների և հատապտուղների արտադրությունը նվազել էր 4.5%-ով՝ կազմելով 345 հազար տոննա, իսկ խաղողի արտադրությունը նվազել էր 8%-ով՝ հասնելով 196 հազար տոննայի։