ԱրցախՍոցիալական

Հայաստանում ընդլայնվում է Արցախից բռնի տեղահանվածների համար զբաղվածության ապահովման ծրագիրը

Հայաստանի կառավարությունն ընդլայնել է Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական ծրագիրը։ Նախկինում ծրագրից կարող էին օգտվել 430 մարդ, իսկ այժմ հնարավոր կլինի ընդգրկել 800 շահառուի։ Սակայն հարկ է նշել, որ Արցախից 120 հազար մարդ է բռնի տեղահանվել։ Ըստ վերջին՝ 2024 թվականի պաշտոնական տվյալների՝ Հայաստանում ավելի քան 25,000 արցախցի է միայն աշխատանք գտել։

Առաջին բաղադրիչը հնարավորություն է տալիս շահառուներին մասնակցել մասնագիտական ուսուցման և հետագայում աշխատանքի տեղավորման գործընթացին՝ մինչև 6 ամիս տևողությամբ։ Ուսուցման ընթացքում յուրաքանչյուր անձը ամսական ստանում է առավելագույնը 50 հազար դրամ ուսման վարձի փոխհատուցման և ևս 50 հազար դրամ կրթաթոշակի տեսքով։ Ուսուցումն ավարտվելուց հետո անձը առնվազն 3 ամիս աշխատանքային պայմանագիր է կնքում գործատուի հետ, որի ընթացքում վերջինս ամսական մինչև 50 հազար դրամ՝ աշխատավարձից հաշվարկվող հարկերի և սոցիալական վճարների փոխհատուցման համար։

Երկրորդ բաղադրիչը ուղղված է ուղղակի աշխատանքային փորձի ձեռքբերմանը։ Այս դեպքում շահառուն առնվազն 6 ամիս պայմանագիր է կնքում գործատուի հետ։ Առաջին 3 ամսվա ընթացքում շահառուին տրամադրվում է աշխատանքային փորձի հնարավորություն, իսկ գործատուն ստանում է ամսական 165 հազար դրամ փոխհատուցում՝ նրա աշխատավարձի վճարման համար։ Հաջորդ երեք ամիսներին գործատուն շարունակելու է աջակցություն ստանալ մինչև 50 հազար դրամի չափով՝ հարկերի և սոցիալական վճարների փոխհատուցման համար։

Երրորդ բաղադրիչը համատեղում է ուսուցումն ու աշխատանքային փորձը։ Շահառուն նախ 6 ամիս ուսուցում է անցնում՝ ստանալով նույն ֆինանսական աջակցությունը, այնուհետև աշխատում է գործատուի մոտ մինչև 6 ամիս՝ ստանալով համապատասխան փոխհատուցումներ։ Այս գործընթացն ապահովում է, որ շահառուն միաժամանակ ձեռք բերի և տեսական գիտելիքներ, և պրակտիկ աշխատանքային փորձ։

Ծրագրի նպատակն է օգնել շահառուներին ձեռք բերել մասնագիտական հմտություններ, աշխատանքային փորձ և աշխատանք գտնել։ Աշխատանքային փորձի փուլում գործատուներին տրամադրվում է աջակցություն՝ մինչև 165 հազար դրամ ամսական, որպեսզի ապահովվի շահառուի աշխատավարձի վճարումը։

Այս ծրագրի նպատակն է ոչ միայն օգնել շահառուներին զարգացնել մասնագիտական հմտություններ և աշխատանքային փորձ, այլ նաև աջակցել նրանց կայուն աշխատատեղեր ստանալ։ 2025 թվականի հոկտեմբերի 9-ի տվյալներով ծրագրից արդեն օգտվել է 633 անձ, իսկ այս տարվա պետական ֆինանսավորումը հասել է 439 մլն դրամի։