
Եկեղեցում ներքին լարվածությունը շարունակվում է․ հոգևորականներին քննադատած քահանաները կրկին ուշադրության կենտրոնում
Մայր աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը հերթական նիստն է գումարել՝ քննարկելու քահանաների կարգապահական հարցերը և պարգևատրումները, ինչպես նաև առանձին հանդիպում ունենալ հոգևորականության քննադատած Տեր Արամ քահանա Ասատրյանի և Տեր Տարոն քահանա Հունանյանի հետ, սակայն վերջիններս չեն ներկայացել։ Այս մասին տեղեկություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։ Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու հանձնախմբի անդամների հետ,– նշված է հաղորդագրությունում։
Նիստից առաջ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Հովհանավանքում Տեր Արամ քահանան վիճաբանություն է ունեցել մեկ այլ հոգևորականի հետ։ Ըստ տեղեկությունների՝ Տեր Սարգիս քահանան անձնական խնդիրներ է ունեցել։ Դրա համար նրան փոխարինել է Տեր Մանուկ քահանա Զենալյանը, ինչը դուր չի եկել Տեր Արամին։ Գրում են, որ միջադեպին նույնիսկ ոստիկաններ են ներկա գտնվել։
Ավելի վաղ Տեր Արամը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ 2021 թվականին մասնակցել է ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին ստիպողաբար, մեղադրել է Արագածոտնի թեմի առաջնորդին իրեն հալածելու մեջ՝ նշելով, որ պատճառը քաղաքական է։ Նա նաև նշել է, որ հոգևորականների գրառումները սոցցանցերում վերահսկվում են հատուկ մարմնի կողմից։
Տեր Տարոն քահանա Հունանյանը անդրադարձել է Տեր Արամի հայտարարություններին՝ ընդգծելով, որ չի կարող լռել և նկատում է, որ եկեղեցում որոշ վարչական կանոններ խաթարում են քրիստոնեական առաքելությունը։
Տեր Արամ քահանան այժմ հրապարակային քննադատում է եկեղեցական վերնախավին: Նրան են միացել նաև Տեր Թադե քահանա Թախմազյանն ու Տեր Տարոն քահանա Հունանյանը։