ԱշխարհՀայաստանՏեխնոլոգիա

Microsoft-ը դադարեցրել է Windows 10-ի անվճար աջակցությունն ու թարմացումները․ սպառողների պաշտպանները քննադատում են որոշումը

Microsoft-ը հոկտեմբերի 14-ից դադարեցրել է Windows 10 օպերացիոն համակարգի անվճար աջակցությունն ու անվտանգության թարմացումները։ Այսուհետ համակարգիչները, որոնք չեն անցնի Windows 11-ի կամ չեն ձևակերպի վճարովի բաժանորդագրություն, աստիճանաբար կդառնան խոցելի վիրուսների և կիբեռհարձակումների նկատմամբ։

Ընկերության տվյալներով՝ ամբողջ աշխարհում Windows համակարգն օգտագործվում է ավելի քան 1,4 միլիարդ սարքերում, որոնցից շուրջ 43 տոկոսը շարունակում է աշխատել Windows 10-ով։

Microsoft-ը օգտատերերին առաջարկում է երկու տարբերակ՝ անցնել Windows 11-ի կամ բաժանորդագրվել անվտանգության ընդլայնված թարմացումներին (Extended Security Updates) մինչև 2026 թվականի հոկտեմբեր։ Եվրոպական տնտեսական գոտու բնակիչները կարող են գրանցվել այս ծրագրում անվճար, իսկ մյուս երկրների օգտատերերը կվճարեն 30 դոլար, ընկերությունները՝ 61 դոլար։ Windows 11-ը կարելի է տեղադրել միայն այն համակարգիչներում, որոնք ունեն առնվազն 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ պահեստային հիշողություն։

Սպառողների իրավունքների պաշտպանները քննադատել են Microsoft-ի որոշումը՝ այն անվանելով անարդարացի և շրջակա միջավայրի համար վնասակար քայլ։ Շատերը սիպված կլինեն գնել նոր համակարգիչներ, չնայած իրենց ունեցած սարքերը լավ աշխատում են։

Մասնագետների գնահատմամբ՝ Windows 10-ի թարմացումների դադարեցումը կբերի համակարգիչների անվտանգության աստիճանական անկման։ Microsoft-ի մարկետինգի բաժնի ղեկավար Յուսուֆ Մեհդին նախազգուշացրել է, որ հնացած ծրագրային ապահովման օգտագործումը կարող է առաջացնել նաև օրենսդրական համապատասխանության խնդիրներ և խափանումներ այլ ծրագրերի աշխատանքի մեջ։

Ակնհայտ է, որ Microsoft-ը հետևողականորեն ձևավորում է օգտատերերի տեխնոլոգիական վարքագիծը՝ ուղղորդելով նրանց դեպի վճարովի ծառայություններ և ավելի վերահսկելի միջավայր։ Այս քաղաքականությունը, թեև բիզնես տեսանկյունից տրամաբանական է, սպառնում է խաթարել թվային ազատությունն ու խորը տարաձայնություններ է ստեղծում տեխնոլոգիական էթիկայի ոլորտում։