ՀայաստանՔաղաքականություն

Արագածոտնի թեմի հաշվապահը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը մասնակիորեն բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով տնային կալանքը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ի առավոտյան իրավապահները խուզարկություն էին անցկացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ինչից հետո վերջինս, թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ բերման էին ենթարկվել։

Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնել էր, որ երեք հոգի ձերբակալվել են, այդ թվում՝ թեմի առաջնորդը։ Նրա դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՔՕ երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու համար։

Քրեական վարույթը հարուցվել է թեմի քահանա Արամ Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների հիման վրա։ Նա պնդել էր, որ առաջնորդը և թեմի մի շարք քահանաներ 2021-ին ստիպված մասնակցել են ընդդիմության բողոքի ակցիաներին։

Նույն գործով հոկտեմբերի 16-ին Մկրտիչ սրբազանը կալանավորվել էր երկու ամսով, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։