ՀայաստանՏնտեսություն

Արդյունաբերական հակադրությունները Հայաստանում․ գինու և կոնյակի արտադրությունը անկում է ապրել

Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է մոտ 1 տրիլիոն 770 միլիարդ դրամ, ինչը 8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ, օգոստոսին արձանագրվել է վերականգնման միտում․ արդյունաբերության ծավալը հասել է 268,8 միլիարդ դրամի՝ գերազանցելով նախորդ տարվա օգոստոսի ցուցանիշը 5,8 տոկոսով։

Հիմնական ոլորտներից հանքարդյունաբերությունն արձանագրել է համեմատաբար կայուն ցուցանիշ՝ կազմելով 312 միլիարդ դրամ՝ նվազելով 0,8 տոկոսով։ Մետաղական հանքերի արդյունահանման ծավալը կրճատվել է շուրջ 2 տոկոսով, սակայն մնացած ենթաճյուղերում արձանագրվել է 13,9 տոկոս աճ։

Վերամշակող արդյունաբերությունը՝ որը շարունակում է մնալ արդյունաբերության ամենախոշոր բաժինը, կազմել է մոտ 1 տրիլիոն 190 միլիարդ դրամ՝ 13,2 տոկոսով պակաս անցած տարվա համեմատ։ Այնուամենայնիվ, մի շարք ոլորտներում արձանագրվել է զգալի աճ․ քիմիական արդյունաբերությունում՝ 61,7%, մետաղագործության ոլորտում՝ 36,1%, էլեկտրոնիկայի և համակարգչային արտադրությունում՝ 61,4%, իսկ մեքենաշինությունում՝ մինչև 86%։

Սննդի արտադրության ոլորտում արձանագրվել են թե՛ աճի, թե՛ անկման ռեկորդներ։ Մսային կիսաֆաբրիկատների արտադրությունը աճել է 39 տոկոսով, հացահատիկային արտադրանքը՝ 40 տոկոսով, իսկ ծխախոտի արտադրությունը՝ 40,4 տոկոսով։ Միևնույն ժամանակ, մակարոնեղենի արտադրությունը նվազել է 30,2 տոկոսով, խաղողի գինու արտադրությունը՝ 31,6 տոկոսով, իսկ կոնյակի արտադրությունը՝ 34,4 տոկոսով։

Ընդհանուր առմամբ, արդյունաբերության աճի հիմնական շարժիչ ուժերն են եղել քիմիական արտադրությունը, մետաղագործությունը և էլեկտրոնային տեխնիկայի արտադրությունը, մինչդեռ խմիչքների արտադրությունն ու թեթև արդյունաբերությունը շարունակել են անկման միտումը։