ՀայաստանՔաղաքականություն

Գյումրիի համայնքապետարանում իրավիճակը լարված է

Գյումրու համայնքապետարանում հոկտեմբերի 20-ի առավոտյան ուժային կառույցների ներկայացուցիչները սկսել են լայնածավալ քննչական գործողություններ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող գործի շրջանակում։ Դեպքի վայր են հասել ԱԱԾ, ոստիկանության և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները։

Քաղաքապետարանի շենքն ամբողջությամբ շրջափակված է, աշխատակիցներին արգելվել է մուտք գործել ներս։ Շենքի բակում տեղակայվել են ծառայողական ավտոմեքենաներ և ավտոբուսը, որով սովորաբար տեղափոխվում են ձերբակալվածներին։

Տեղում աշխատում են նաև շտապօգնության ծառայության աշխատակիցները․ քիչ առաջ շտապօգնության մեքենայով մի տղամարդու դուրս են բերել շենքից։ Դեպքի վայր են ժամանել մի քանի պատգամավորներ, սակայն նրանց նույնպես արգելվել է մուտք գործել շենք։

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը այս պահին չի ձերբակալվել․ նա մեկուսացված է իր աշխատասենյակում։ Համայնքապետարանի աշխատակիցները տեղեկացնում են, որ քննիչներն ու ուժայինները շարունակում են խուզարկություններն ու առգրավումները՝ առանց մանրամասներ հայտնելու գործի բնույթի վերաբերյալ։

Քաղաքապետարանում տիրում է լարված մթնոլորտ։ Տարածքում հավաքվել են համայնքապետարանի աշխատակիցներ և քաղաքացիներ, որոնք սպասում են ընթացող գործողությունների ավարտին։

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Քննչական գործողությունները շարունակվում են։