
Երևանում կասեցվել է մարինացված բանջարեղենի և մսի պահածոների արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում կասեցվել է Նուբարաշենում գտնվող «Էլիզա և Գոհար» ՍՊԸ-ին պատկանող մարինացված բանջարեղենի և մսի պահածոների արտադրամասի գործունեությունը։
Հետաքննության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի մի շարք խախտումներ։
Արտադրամասում պահվել են արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ։ Հատակների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից և եղել են վնասված։
Շինության և պահեստային մասի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ Հոսանքալարերը չեն պահվել պաշտպանիչ տուփի մեջ։
Անձնակազմի համար նախատեսված հանդերձարան չի եղել, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն եղել պատշաճ մաքրված և ախտահանված։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները լիովին վերացվեն։