ՀայաստանՔաղաքականություն

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ, կալանավորվեց երկու ամսով։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։

Փոստանջյանի խոսքով՝ չկա որևէ փաստական հիմք, որը կարդարացներ Ղուկասյանի կալանավորումը։

Նրա փոխանցմամբ՝ դատական նիստից հետո պաշտպանական կողմին տրամադրվել է միայն որոշման քաղվածք, իսկ ամբողջական որոշումը կտրամադրվի վաղը՝ բողոքարկման նպատակով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժել էին Գյումրու քաղաքապետարան՝ համայնքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ութ անձ ձերբակալվել է՝ խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։ Ղուկասյանի բերման ենթարկման պահին քաղաքապետարանի շենքի մոտ տեղի էր ունեցել քաշքշուկ ոստիկանների և համայնքապետի կողմնակիցների միջև, ինչի հետևանքով ձերբակալվել էր 23 մարդ։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 1-ին, Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գյումրին «կառավարվում է կլանի կողմից», որի ղեկավարին «պետք է դուրս շպրտել հանրային դաշտից»։ Վարդան Ղուկասյանը արձագանքել էր վարչապետի խոսքերին՝ դրանք համարելով սպառնալիք իր կյանքի նկատմամբ և պահանջելով պարզաբանում։