ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում գյուղմթերքի արտահանման ծավալն աճել է 13,8 տոկոսով

Հայաստանում այս տարվա գյուղմթերքի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,8 տոկոսով։ Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության՝ հոկտեմբերի 23-ի նիստում։

Վարչապետի խոսքով, որոշ մթերքների արտահանման աճը եղել է հատկապես նշանակալի․ ծիրանի արտահանումը աճել է 25,5 %, սալորինը՝ 61,1 % , դեղձինը՝ 87,1 %, կեռասինը՝ 123 %, տանձինը՝ 245 %, լոլիկինը՝ 12 %, պղպեղինը՝ 62 %, կաղամբինը՝ 843 %, սմբուկինը՝ 72 %: Հատով ծաղիկի արտահանման աճը կազմել է հատով 6,4 տոկոս, տոննայով՝ 116 տոկոս։

Փաշինյանը նշեց, որ հատկապես ուրախ է տանձի արտահանման աճից, քանի որ նախկինում Հայաստանը հիմնականում ներկրում էր այս միրգը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձավ խաղողի մթերման ընթացքին՝ նշելով, որ տեխնիկական բոլոր սորտերի մթերումն արդեն ավարտված է։ Այս պահի դրությամբ մթերվել է մոտ 211 հազար տոննա խաղող, մինչդեռ ամբողջ 2024 թվականին մթերվել էր 164 200 տոննա։ Նախարարի խոսքով՝ մթերման գործընթացում մնացել է միայն Արենի սորտի և մի քանի այլ տեսակների խաղող, որը կմթերվի առաջիկա օրերին։