Փաշինյանը հրապարակել է հայ-թուրքական հաղորդակցության հնարավոր ճանապարհը
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում։
Վարչապետի խոսքով՝ հենց այսօրվանից Հայաստանը տեխնիկապես պատրաստ է ապահովել բեռնատար ավտոմեքենաների շարժը նշված ուղղությամբ․
Եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարայի անցագրային կետին՝ ուղևորվելու դեպի Ադրբեջան, ապա մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա։ Մեր ճանապարհները մինչև Գորիս, Կոռնիձոր լավ վիճակում են գտնվում։ Կոռնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք կա, հետևաբար հնարավոր է նաև Ադրբեջանից Թուրքիա ուղղությամբ տարանցում իրականացնել։
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ ընթացքի մեջ է Ադրբեջանի տարածքով Ղազախստանից հացահատիկի առաջին խմբաքանակի ներմուծման գործընթացը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային հաղորդակցության բացումը կարող է նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար։
Նա խոսել է նաև 2026 թվականի ընտրությունների մասին՝ ժամանակից շուտ սկսելով նախընտրական քարոզարշավը։
Ուզում եմ ընդծել, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որովհետև հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ։ Այդ ընտրությունները ունեն մեկ առանցքային հարց, որի պատասխանը պիտի տրվի։ Հայաստանի ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Դրան հաջորդել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունը, որ Ղազախստանից հացահատիկի մատակարարումն անցնելու է Ակտաու-Բաքու երթուղով, այնուհետև՝ երկաթուղով Վրաստանի տարածքով։
Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել։ Այս ճանապարհը պետք է ապահովի նաև Ադրբեջանի առևտրային հասանելիությունը դեպի Նախիջևան։
