Բոլոր քաղաքացիներն անկանխիկ առևտրի դեպքում 2 տոկոս հետվճար են ստանալու
Հայաստանում 2026 թվականից ներդրվելու է համընդհանուր հետվճարի համակարգ, որի շրջանակում բոլոր քաղաքացիները անկանխիկ առևտրի դեպքում կստանան 2 տոկոս հետվճար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
Վարչապետի խոսքով՝ ներկայումս գործող թոշակառուների անկանխիկ ծախսերի հետվերադարձի ծրագիրը շարունակելու է զարգանալ։ 2026-ից այն կավելանա՝ 12 տոկոսի փոխարեն դառնալով 20 տոկոս, իսկ հետվճարի առավելագույն չափը կբարձրանա 6,000 դրամից մինչև 10,000 դրամ։ Փաշինյանը նշեց, որ փոփոխությունների արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող քաղաքացիների եկամուտները կարող են աճել 3,000–4,000 դրամով։
Սա, ըստ էության, թոշակի բարձրացում է, բայց նաև հանրային համերաշխության տրամաբանության մեջ մենք փնտրում ենք և մեխանիզմ ենք ստեղծում, որ այդ թվում թոշակառուները թոշակի ներդրում ունենան հենց իրենց եկամուտները ապահովելու գործում, արգահատելի ոչ մի բան չկա դրա մեջ,- ասաց Փաշինյանը։
Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ «թոշակի «մուննաթային» տոնն ընդունելի չի»։
Ավելի ուշ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ համակարգը մշակվել է «ԱրՔա» համակարգի հետ։
Հիմա վերջնականացման փուլում ենք։ Մեր նպատակն է, ծրագիրը գործարկել հունվարի 1-ից։ Հետվճար ստանալու են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն «ArCa» քարտեր։ Հետվճարը կստանան այդ քարտերով արված բոլոր վճարումներից, եթե դա չի վերաբերում խաղային ոլորտին,- նշեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կառավարությունը մեծացրել էր թոշակառուների անկանխիկ վճարումների հետվճարի չափը՝ 10 տոկոսից դարձնելով 12 տոկոս։
