Գյումրիի դեպքերի առնչությամբ 41 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում․ նրանց մեջ կան անչափահասներ
Ավելի քան 1 շաբաթ առաջ Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալությունների մասսով նոր մանրամասներ են հրապարակվել։ Պարզվել է, որ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակցելու կասկածանքով 41 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Նրանցից 24-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15-ի դեպքում՝ տնային կալանքը, իսկ 1 անձի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն։ Կալանավորվածների թվում կան նաև անչափահասներ. մեկի նկատմամբ կիրառվել է կալանքը, մյուսի դեպքում՝ տնային կալանքը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Կալանավորվածների թվում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները, ապօրինի շինությունների բաժնի պետ Արթուր Մեսրոպյանը, քաղաքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանը։ Տնային կալանքի տակ է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժել էին Գյումրու քաղաքապետարան՝ բերման ենթարկելու համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հենց այդ ընթացքում, Ղուկասյանին դուրս բերելու և տեղափոխելու ժամանակ, տեղի ունեցավ քաշքշուկ համայնքապետարանի շենքի շրջակայքում հավաքված ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջև։
Արդյունքում, ավելի քան 40 անձ բերման է ենթարկվել, և հարուցվել է քրեական վարույթ Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակցելու և արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Վարդան Ղուկասյանը կալանավորվեց երկու ամսով։
