ԿրթությունՀայաստան

Մարզերում դպրոցականների տեղափոխման համար ձեռք կբերվեն նոր տրանսպորտային միջոցներ

Կառավարությունը որոշում է կայացրել մարզերում դպրոցականների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ձեռքբերման վերաբերյալ։ Որոշման նպատակն է ապահովել դպրոցականների անվտանգ և կենտրոնացված տեղափոխումը դեպի դպրոցներ և հակառակ ուղղությամբ։

Տվյալ պահին հանրապետության տարածքում հաշվարկված թվով 101 կենտրոններին միավորման ենթակա են շուրջ 205 բնակավայրեր, որոնցից 187 բնակավայրերի աշակերտների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 6200։ Ընդ որում, բնակավայրերից կենտրոն հեռավորության միջին ցուցանիշը 7 կմ է (նվազագույնը 1.5 կմ, իսկ առավելագույնը 24 կմ)։ Մինչև 2027 թվականի հունվար նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 81 կառուցվող դպրոցներ, ինչպես նաև վերանորոգվող դպրոցներ։

Այս համատեքստում որոշվել է առաջին փուլով ձեռք բերել շուրջ 35 հատուկ կահավորված մինչև 35 տեղանոց տրանսպորտային միջոցներ։ Հետագա փուլերում նախատեսվում է լրացնել դրանց ընդհանուր քանակը՝ մարզերի բոլոր կենտրոններին ապահովելով անհրաժեշտ տրանսպորտային սպասարկում։ Արդյունքում կապահովվի դպրոցականների անվտանգ և կենտրոնացված կարգով տեղափոխումը դպրոցներ, ինչը կբարձրացնի կրթության մատչելիությունը, հատկապես սահմանամերձ և դժվարամատչելի բնակավայրերի երեխաների համար։

Ըստ որոշման՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջգերատեսչական մասնագիտացված խմբի միջոցով կազմակերպելու է երկու փուլով մրցույթ՝ «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա։ Գնումների հայտով կսահմանվեն մասնակիցների որակավորման չափանիշները, փաստաթղթերի ներկայացման կարգը, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների ապահովման չափերն ու պայմանները։