Մայր Աթոռը պնդում է՝ Հովհաննավանքում մատուցված պատարագը «անվավեր» է
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հովհաննավանքում Տ. Արամ քհն. Ասատրյանի (Ստեփան Ասատրյանի) կողմից մատուցված պատարագին, որը, ըստ գրառման, «սրբապիղծ բեմականացում» է։ Եկեղեցին ընդգծում է, որ իշխանությունների աջակցությամբ կազմակերպվող ծիսակատարություններն «անվավեր են» և «չունեն որևէ հոգևոր արժեք»։ Հայտարարությունում նշվում է, որ եկեղեցին ենթակա է վերասրբագործման։
Ըստ Մայր Աթոռի՝ իրավապահների մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ Հովհաննավանքը բռնազավթվել է, ինչի հետևանքով խաթարվել է տեղում ծառայող հոգևորականներ Տ. Սարգիս քահանա Սարգսյանի և Տ. Մանուկ քահանա Զեյնալյանի հոգևոր ծառայությունը. խոչընդոտող խմբերի կողմից հնչել են նաև սպառնալիքներ ու բռնության կոչեր։
«Մայր Աթոռը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանը և եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը»,- ասված է գրառման մեջ։
