Արցախցի ընտանիքների համար բնակարանի հավաստագիր ստանալու ծրագրում լրացումներ են կատարվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակարանային աջակցման ծրագրին նոր խմբեր կավելանան։ Նոր փոփոխությունները կապված են շահառուների պահանջի հետ։
Նախկինում հավաստագիր ստանալու համար որոշակի պահանջներ կային, որոնք վիճելի էին։ Արցախից բռնի տեղահանված որոշ ընտանիքներում դատարանի վճռով անհետ կորած անձինք կան։ Բնակարան ստանալու համար նախկինում կար պարտադիր պայման, որպեսզի ընտանիքի կազմում լինեին գրանցված ամուսիններ, բայց անհետ կորած ամուսին ունենալու պարագայում խնդիր էր առաջանում։ Հենց այդ ամենից ելնելով՝ օրենքում փոփոխություններ են իրականացվել և այդ ընտանիքները այժմ կարող են դիմել և ստանալ հավաստագիր։
Երկրորդ խմբի շահառուները այն ընտանիքներն են, որտեղ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ անչափահաս երեխան դիմելու պահին արդեն չափահաս է։ Նախկինում ծրագրին կարող էին դիմել միայն այն ընտանիքները, որոնք ունեին 3 և ավելի անչափահաս երեխա։
Երրորդ փոփոխությունը վերաբերում է փաստաթղթերի ներկայացման կարգին. նախկինում պահանջվում էր առնվազն 2 փաստաթուղթ, իսկ այժմ բավարար է մեկը, որը կհաստատի, որ դիմողը Արցախից է։ Այս փոփոխությամբ նախատեսվում է կրկին ուսումնասիրել այն դիմումները, որոնք նախկինում մերժվել էին։
Ըստ նախարարության տվյալների՝ Արցախցի ընտանիքների բնակապահովման պետական ծրագրի շրջանակում մինչ այժմ հավաստագիր է ստացել 3 100 ընտանիք, որոնցից 1 140-ը այն արդեն իրացրել է։ Պետական բյուջեից ծրագրի համար վճարվել է ավելի քան 2 միլիարդ դրամ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115 365 մարդ, որոնցից 9 346-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն Ասիական զարգացման բանկից նոր վարկ է ստանալու Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների բնակապահովման պետական ծրագրի իրականացումը շարունակելու համար։
