Կստեղծվի բջջային հավելված՝ Երևանում ազատ կայանատեղեր գտնելու համար
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ստեղծել բջջային հավելված, որը կօգնի վարորդներին մայրաքաղաքի փողոցներում գտնել ազատ կայանատեղեր։ Նախաձեռնության մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հեռախոսային հավելվածով վարորդները կկարողանան տեսնել՝ տվյալ հատվածում ազատ տեղ կա՞, թե՞ ոչ, և որոշել՝ արժե՞ արդյոք այնտեղ հասնել մի քանի րոպեում։ Քաղաքապետը նշել է, որ Երևանի փողոցների գերբեռնվածությունը շարունակվում է աճել․ միայն վերջին մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում հաշվառվել է շուրջ 11 հազար նոր մեքենա՝ չհաշված մոտակա մարզերի տրանսպորտային միջոցները։
Ավինյանի խոսքով՝ խնդրի լուծման հիմնական ուղին հասարակական տրանսպորտի առաջնահերթ զարգացումն է։ Նա հավելել է, որ քաղաքապետարանը շարունակելու է ստեղծել առանձին գոտիներ հասարակական տրանսպորտի համար և աստիճանաբար կրճատել թեթև մարդատար մեքենաների կայանատեղերի քանակը։
Քննարկվում է նաև չթույլատրված վայրերում կայանման համար տուգանքների բարձրացման և մեքենաների տարհանումը մասնավոր օպերատոր ընկերությանը փոխանցելու հնարավորությունը։
