Ռուսական և ղազախական ցորենը Հայաստան է ժամանում Ադրբեջան-Վրաստան ճանապարհով
Մինչև 2026 թվականի հունվարի վերջը Հայաստան կհասնի ռուսական ցորենի 132 երկաթուղային վագոն, որոնք կանցնեն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։ 2024 թվականին Հայաստանը Ռուսաստանից ավելի քան 300 հազար տոննա ցորեն է ներկրել։
Այս գիշեր արդեն Հայաստան է հասել ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ 15 վագոն, մոտավորապես 1000 տոննա ցորենով։ Վագոնները ժամանել են Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից։ Բեռնափոխադրումը կազմակերպվել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կողմից։ Վնացքը անցել է Ադրբեջանի տարածքով, հատել վրաց-հայկական սահմանը և ժամանել «Դալարիկ» կայարան։
Ռուսական ցորենի 1 տոննայի արժեքը այս պահին մոտ 70 հազար դրամ է, ղազախականը՝ 65 հազար։ Սակայն այս ցուցանիշները կախված են նաև ցորենի տեսակից, բեռնափոխադրման արժեքից և այլն։ Հայաստան գալու համար ռուսական ցորենը շուրջ հազար կիլոմետր է անցել, ղազախականը պետք է շուրջ 2 հազար կիլոմետր անցնի։
Նախարարության տեղեկացմամբ՝ այս նոր լոգիստիկ երթուղու կազմակերպումը հնարավոր է դարձել Ադրբեջանի միջով դեպի Հայաստան բեռների տարանցման վերականգնումից հետո, ինչը 1990-ականներից ի վեր առաջին նման դեպքն է։ Ցորենից բացի՝ քննարկվում են նաև այլ բեռների մատակարարումներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, իսկ առաջին տարանցիկ բեռը լինելու է ղազախական հացահատիկը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի ուշ նշել էր, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան կմտնի Ակտաու–Բաքու ուղիով, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով։
