Հանգստյան գոտու տնօրենը կաշառքի դիմաց առաջարկել է զորակոչից ազատել և զինգրքույկ տրամադրել բարեկամին
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ Հայաստանի գործող հանգստյան գոտիներից մեկի տնօրենը մեղադրվում է զորակոչից ազատելու և զինգրքույկ տրամադրելու հարցերը կաշառքի դիմաց լուծելու փորձի մեջ։
ՔԿ տվյալներով՝ դեռ 2020 թվականին Ս.Ա.-ն դիմել է հանգստյան գոտու տնօրեն Ս.Պ.-ին՝ իր կնոջ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելու խնդրանքով։ Ս.Պ.-ն ռազմական դրության պայմաններում առաջարկել է 1.000 ԱՄՆ դոլարի դիմաց կազմակերպել զորակոչից ազատումը, սակայն Ս.Ա.-ն հրաժարվել է առաջարկից։
Բացի այդ, Ս.Պ.-ն մեկ այլ անձի՝ Շ.Մ.-ի հետ զրույցի ընթացքում, տեղեկանալով, որ վերջինիս ծանոթներից մեկը՝ Գ.Գ.-ն, ցանկանում է առանց ներկայանալու ստանալ զինգրքույկը, կրկին խաբեության եղանակով առաջարկել է 1.800 դոլարի դիմաց լուծել հարցը։ Գ.Գ.-ն, սակայն, որևէ ապօրինի գործողություն չի իրականացրել։
Ս.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձ) և 46-44-436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալու փորձին դրդելը)՝ երկու դրվագով։
Քրեական գործն ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։
