ԻրավականՀայաստանՔաղաքականություն

Ձերբակալվել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը

Տեղեկությունը հաստատել է նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը՝ նշելով, որ իրավապահները խուզարկել են Քերոբյանի բնակարանը։ Նա պնդել է, որ գործողությունները չեն առնչվում Վահանի պաշտոնավարման շրջանին, սակայն ընտանիքը փորձում է հասկանալ դրանց իրական պատճառը։

Քերոբյանը մեղադրյալ է իր նախարարության գործունեությանը վերաբերող քրեական գործում։ Նա անցնում է «Սիներջի» ընկերության հետ կապված գործով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2023-ին նախարարությունը մրցույթում նախընտրել է ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի»-ն՝ անտեսելով մյուս առաջարկը։ Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում և դատարանում փորձում է ապացուցել իր անմեղությունը։

«Սիներջի» ծրագրային ապահովման և խորհրդատվության ընկերություն է, որը տարբեր ծրագրեր է իրականացնում պետական և միջազգային կառույցների համար։ Հայաստանում այն գործում է 1999 թվականից և ղեկավարում է Արթուր Հովհաննիսյանը։

Վերջին ամիսներին ընկերությունը հայտնվել է քննության կենտրոնում՝ Էկոնոմիկայի նախարարության գնումների հնարավոր չարաշահումների գործով։ Այդ գործի շրջանակում ձերբակալվել են նաև ընկերության աշխատակիցներ Անի Գևորգյանը և Լիլի Մկրյանը։