ՀայաստանՍոցիալական

Հայաստանում հնարավոր կլինի օնլայն ամուսնություն գրանցել և ամուսնալուծվել․ ԶԱԳՍ-ի աշխատանքը թվայնացվել է

ՀՀ արդարադատության նախարարությունը գրեթե ամբողջությամբ թվայնացրել է Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման (ԶԱԳՍ) գործակալության գործունեությունը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարի խոսքով՝ քաղաքացիներն արդեն առանց տանից դուրս գալու կարող են օնլայն գրանցել երեխայի ծնունդը, ամուսնությունը, ինչպես նաև ամուսնալուծությունը։ Բացի այդ, հնարավոր է անուն կամ ազգանուն փոխելու համար էլեկտրոնային հայտ ներկայացնել, ինչպես նաև օգնել ՔԿԱԳ մարմիններին՝ իրենց փաստաթղթերի թվայնացման գործընթացում։ Քաղաքացին կարող է կայքում մուտք գործել, խնդրել իրեն վերաբերող փաստաթուղթը և ստանալ այն՝ առանց անձամբ ներկայանալու։

Նրա խոսքով, օրինակ, երեխայի ծննդյան օնլայն գրանցման պարագայում փոխգործելիություն են ապահովել ինչպես «Արմեդ» համակարգի, այնպես էլ ԱՍՀՆ սոցիալական ծառայություններ մատուցող համակարգի հետ։ Այսինքն՝ բժշկական տեղեկանքը ավտոմատ կերպով կտեղափոխվի համակարգ, և ծնողները կկարողանան ընտրել երեխայի անունը, ազգանունը և ստանալ ծննդյան վկայականը։

Գալյանը հավելել է, որ դեռ չեն սկսել հանրային իրազեկման արշավը, սակայն շուտով այն կիրականացնեն, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն նոր հնարավորությունների մասին։

Առաջիկայում Պետական ռեգիստրում անհատ ձեռնարկատերերի գրանցումն էլ կդառնա օնլայն, երբ ավարտին հասցվի իրավաբանական անձանց պետական գրանցման նոր թվային հարթակի ստեղծումը։